BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
28.01.2018 | 14:44

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
ՀՀ զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը: Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչն է: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայություն և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի առանձնահատուկ ընկալում:


Մեր բանակը համաժողովրդական բանակ է, որ ստեղծման օրից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը փայփայելու և գուրգուրելու են իրենց առաջնեկին:
Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ երկար ընդմիջումից հետո տեսավ հայկական զինական ուժի վերածնունդը, տեսավ նրա ամրացումն ու կայացումը: Մենք այն սերունդն ենք, որը ոչ միայն տեսավ, այլև մասնակիցը և վերակերտողը դարձավ այդ բանակի: Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:
Մեր ազատամարտիկները, իսկ հետագայում արդեն զինվորներն ու սպաները անցան փառահեղ մարտական ուղի՝ դնելով այսօրվա բանակի հիմքերը: Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար:


Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ:
Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը:


Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

Դիտվել է՝ 3249

Մեկնաբանություններ